Լրահոս

06.02.2012 15:33


Ուգո Չավեսը խոստանում է աջակցել Արգենտինային, եթե Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմը վերսկսվի

Ուգո Չավեսը խոստանում է աջակցել Արգենտինային, եթե Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմը վերսկսվի

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է Արգենտինայի կողմն անցնել ընդդեմ Մեծ Բրիտանիայի Ֆոլկլենդյան կղզիների համար պոտենցիալ պատերազմում։ Այս մասին տեղեկացնում է «Եվրոպա պրես» գործակալությունը։

«Վենեսուելան հզոր տերություն չէ, բայց որոշ զորքեր ու իմպերիալիստական ագրեսիայի դեմ պայքարելու կամք մենք ունենք»,-նշել է Չավեսը Ամերիկաների համար Բոլիվարյան այլընտրանքի (ALBA)  մասնակից երկրների համաժողովի ժամանակ։

Նշենք, որ «ALBA»-ի մասնակից երկրներն են Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Նիկարագուան, Դոմինիկան, Անտիգուա և Բարբուդան, Սենթ–Վինսենթ և Գրենադինները։

Նույն համաժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ Ֆոլկլենդյան կղզիների դրոշի ներքո եկող նավերի մուտքը նշված երկրների նավահանգիստներ կարգելափակվի։

Տեղեկացնենք, որ Ֆոլկլենդյան (իսկ ըստ Արգենտինայի՝ Մալվինյան) կղզիները համարվում են վիճելի տարածք Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։ 1982թ. ապրիլի երկուսից հունիսի քսանը այս երկու երկրների միջև տեղի ունեցավ չհայտարարված պատերազմ, որն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով, որը ցայսօր վերահսկում է այդ տարածքները։ Միաժամանակ Արգենտինան մինչ այժմ հետ չի կանգնել կղզիների նկատմամբ իր հավակնություններից։

Այս խորագրի վերջին նյութերը